Հ. Ռոստոմյանը ծաղիկներ է խոնարհել Արցախի անկախության համար զոհված ազատամարտիկների շիրիմներին

Սեպտեմբերի 1-2-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը պաշտոնական այցով Արցախի Հանրապետությունում էր: Այցի հիմնական նպատակն էր ՀՀ Կառավարության պատվիրակության անդամների հետ մասնակցել Արցախի Հանրապետության անկախության հռչակման 27-րդ տարելիցին նվիրված տոնական միջոցառումներին:

ԱԻ նախարար Ռոստոմյանը ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղկեպսակ և ծաղիկներ դրել Արցախի անկախության ու ազատության համար զոհված ազատամարտիկների, ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրիմներին:

Միջոցառումներին մասնակցում էին նաև ՀՀ ու ԱՀ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ և հոգևորականներ, ներկայացուցիչներ Սփյուռքից և հյուրեր արտերկրից:
Տոնական արարողությունից հետո Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ընդունել է ՀՀ կառավարության պատվիրակությանը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ։ Քննարկվել են հայկական երկու պետությունների փոխգործակցությանը և մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր։

ԱՀ նախագահի հետ հանդիպումից հետո ՀՀ ԱԻ նախարար Հ. Ռոստոմյանն այցելել է Ասկերանի շրջանի N զորամաս, որտեղ ծանոթացել է զինծառայողների առօրյային, նրանց մարտական պատրաստվածությանը, զորամասում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտին, զրուցել է նրանց հետ և խաղաղություն մաղթել հայրենիքի պաշտպաններին: Նախարարը նաև նվերներ է հանձնել զինծառայողներին:

Նշենք, որ սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրն է: 1991թ. սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային Խորհրդի, Շահումյանի շրջանային Խորհրդի և բոլոր մակարդակների Խորհուրդների պատգամավորների համատեղ նստաշրջանը հռչակագիր է ընդունել ԼՂՀ հռչակման և նրա պետական իշխանության ու կառավարման ժամանակավոր մարմինների ձևավորման մասին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *